Արայիկ Հարությունյանն այցելել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, հորդորել դադարեցնել հացադուլը

10:54 • 18.02.19

Փետրվարի 17-ին կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր, «Տատիկիս վարսերը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին:

«Փետրվարի 17-ին՝ հացադուլի 15-րդ օրը, մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։

Նախարարը եկել էր հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Գալստյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր հացադուլը վերսկսելու մասին:

Կինոռեժիսորն իր հայտարարության մեջ հիշեցրել է, որ 2015թ.-ի հուլիսի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոնախագծերի փաթեթների ընդունման և հաստատման կանոնակարգի համաձայն՝ «Պարալլելս Ֆիլմպրոդքշն» ընկերությունը կինոկենտրոն է փոխանցել «Տատիկիս Վարսերը» միջազգային կինոնախագծի հայտը և արտադրության փաթեթը՝ պետական ֆինանսավորմամբ աջակցություն ստանալու նպատակով:

Նոյեմբեր 13-ին կինոկենտրոնը No․329 գրությամբ ընկերությանը տեղեկացրել է, որ կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հաստատել է «Տատիկիս Վարսերը» նախագծին 2016-2018թթ.-ին նախագծի ամբողջ բյուջեի 30%-ի ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը։

2016թ.-ին կինոկենտրոնը ընկերությանն է փոխանցել պայմանագիր, որտեղ նշվել է նախագծում կինոկենտրոնի մասնակցության չափը՝ 88մլն դրամ։

Ըստ նրա՝ հետագայում, հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի առանձնահատկությունները, կինոկենտրոնն առաջարկել է մեկ ընդհանուր պայմանագիրը փոխարինել հատվածական պայմանագրերով յուրաքանչյուր տարվա համար։

«2016թ.-ին կինոկենտրոնը կատարել է պարտավորությունը: 2017թ.-ին Մշակույթի նախարար Ա․ Ամիրյանի հրահանգով պայմանագրով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Հայաստանի ֆիլմ հանձնակատարին՝ վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել, ինչի արդյունքում ֆիլմի արտադրության պլանը խափանվել է»։

 

Արայիկ Հարությունյանն այցելել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, հորդորել դադարեցնել հացադուլը