Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով, միջոցառումներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

15:18 • 18.02.19

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բանաստեղծի 150-ամյակի առթիվ տեղի ունեցավ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Ներկա էին ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը և ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային:

Այնուհետև ասուլիսով հանդես եկան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը, Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

«Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով` ներգրավվելով հասարակության բոլոր շերտերին: Թումանյանը ստեղծագործել,  արարել, ապրել և ապրում է  բոլորի համար: Պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական այս տարուն, ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը մշակել է մի շարք ծրագրեր»,- ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց` քանի որ Թումանյանի ծննդյան օրը վաղն է, հիմնական գալա միջոցառումները նախատեսված են վաղը, սակայն Թումանյանին նվիրված միջոցառումներ կլինեն նաև առաջիկա ամիսներին: «Թումանյանի տուն-թանգարանը վաղը՝ սկսած ժամը 11-ից, կհյուրընկալի բոլոր նրանց, ովքեր կտոնեն Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Միջոցառումներ են լինելու նաև Թումանյանի ծննդավայր Դսեղում: Դսեղում միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 12:00-ից, լինելու է համերգ, երկրի ղեկավարությունը նույնպես ներկա է գտնվելու: Միջոցառումներ են լինելու նաև Թբիլիսիում, և ես ներկայացնելու եմ ՀՀ պատվիրակությունը Թբիլիսիում այդ միջոցառումների ժամանակ»,- նշեց նա:

Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն էլ նշեց, որ թանգարանի մատույցներում կհնչեն շեփորի ձայները: «Ամբողջ օրվա ընթացքում՝ մինչև 17:00-ն, թանգարանի և՛ ներսում, և՛ դրսում կլինի հրաշք տոնական տրամադրություն, թանգարանի ներսը կլինի հեքիաթային աշխարհ, հեքիաթային դղյակ, իսկ դրսում կլինեն տարբեր տեսակի համերգային ծրագրեր»,- տեղեկացրեց նա:




Ամալյա Առաքելյան

 

Թումանյանի 150-ամյակը պարտավոր ենք անցկացնել պատշաճ մակարդակով, միջոցառումներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)