Դեցլի որդին դեմ է հոր մասին ֆիլմի նկարահանման գաղափարին
Հայտնի ռուս ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) որդին՝ 13-ամյա Անտոնիյ Տոլմացկին, չի ողջունում հանգուցյալ հոր մասին վավերագրական ֆիլմի նկարահանման գաղափարը, ավելին՝ ռեփերի տղան «խաբեբա» է անվանել լրագրող Ռոման Սուպերին, որը դրամահավաք է սկսել տվյալ ֆիլմի նախագծի իրագործման համար:
Instagram-ի իր էջում նա նշել է, որ ֆիլմի նկարահանման համար լրագրողը թույլտվություն է հարցրել միայն իր պապիկից՝ պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկիից:
«Նա թույլտվություն է հարցրել միայն Ալեքսանդր Յակովլևիչից, որն այս իրավիճակում ընդհանրապես որևէ իշխանություն չունի: Ուղղակի իմացեք, որ նա խաբեբա է և այդ նկարահանման համար հեղինակային իրավունքներ չունի, այնպես որ ես հույս ունեմ, որ դուք կկիսվեք իմ այս գրառմամբ ու գումար չեք փոխանցի այդ «ստեղծագործության» համար», - գրել է ռեփերի որդին:
Բացի այդ, դեռահասը պատմել է, որ իր հայրն ընդհանրապես չէր հավանում այդ լրագրողի՝ իրենից վերցրած հարցազրույցները, որոնք կարող են տեղ գտնել ֆիլմում:
Գրառման մեկնաբանություններում դեռահասի պապիկը բացատրել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի նկարահանելու ֆիլմ ի հիշատակ իր հոր՝ առանց հատուկ թույլտվության: Նա նաև նշել է, որ Ռոման Սուպերին համարում է հրաշալի մարդ և լրագրող:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ ֆիլմի նկարահանումների համար անհրաժեշտ է հավաքել 3,5 մլն ռուբլի: Դրամահավաքի առաջին օրը ֆիլմի ստեղծմանն իր աջակցությունն է ցուցաբերել 455 հոգի, նվիրատվությունը կազմել է ավելի քան 656 հազար ռուբլի:
Հիշեցնենք, որ ռեփեր Դեցլը մահացել է փետրվարի 4-ին` Իժևսկում կայացած համերգից հետո: Նա 35 տարեկան էր:










