Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ կա. ռեժիսոր Հովհաննես Գալստյան
Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի՝ հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանը:
Ռեժիսորի խոսքով՝ դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Հովհաննես Գալստյանը վերջին հիշեցնում է՝ կա հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․
«Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։
Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում է ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը։
Կտրականապես խնդրում եմ դադարեցնել ինձ անհանգստացնել հացադուլն ընդհատելու հորդորներով։ Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»,- գրել է ռեժիսորը:










