«Ուկրաինան կորցրել է Ղրիմը». սկանդալ «Եվրատեսիլի» ազգային ընտրության ժամանակ
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան ներկայացնելու հավակնորդներ Աննա և Մարիա Օպանասյուկ քույրերը, որոնք անցել են ազգային ընտրության եզրափակիչ փուլ, հրաժարվել են Ղրիմն անվանել ուկրաինական տեղի հեռուստատեսության եթերում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ATR հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ քույրերը ստիպված են եղել պատասխանել Ղրիմի պատկանելիության մասին հարցին: Նրանք սկզբում փորձել են խուսափել ուղիղ պատասխան տալուց:
«Ղրիմը պատկանում է մեզ՝ Օպանասյուկ քույրերին», - երգչուհիները փորձել են ցրել ստեղծված լարվածությունը, այնուամենայնիվ ստիպված են եղել պատասխանել հաղորդավարի համառության արդյունքում:
Այդ ժամանակ քույրերից մեկն ասել է. «Մենք չենք ասի այն խոսքերը, որոնք ցանկանում եք լսել մեզանից»: Այնուհետև քույրերը նշել են, որ Ուկրաինան կորցրել է Ղրիմը:
«Գործիչներից շատերը կարող են ասել, որ Ղրիմը մերն է, մենք կարող ենք անվերջ ասել, որ Ղրիմը մերն է, բայց այնտեղ մենք գնում ենք երկու սահման հատելով», - ասել է քույրերից մեկը:
Երգչուհիների այս արտահայտությունները կարող են կասկածի տակ դնել «Աննա-Մարիա» դուետի՝ Թել Ավիվ մեկնելու հավանականությունը:










