Ֆրանսիական «Սեզար» մրցանակին է արժանացել Քսավյե Լեգրանի «Խնամակալություն» ֆիլմը
Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հանձնվել է «Խնամակալություն» (Jusqu'a la garde) դրամային՝ ռեժիսոր Քսավյե Լեգրանի առաջին լիամետրաժ ֆիլմին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել անցած գիշեր, Փարիզի «Պլեյել» համերգասրահում: Միջոցառումը վարել է ֆրանսիացի կատակերգու դերասան Կադ Մերադը:
Քսավյե Լեգրանը մրցանակ է ստացել նաև լավագույն օրիգինալ սցենարի համար:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Լեա Դրյուկերը՝ «Խնամակալություն» ֆիլմի դերակատարուհին: Իսկ լավագույն դերասան է ճանաչվել Ալեքս Լուտցը՝ «Գի» ֆիլմում դերի համար:
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը հանձնվել է Ժակ Օդիարին՝ Les Freres Sisters ֆիլմի համար:
«Սեզար» պատվավոր մրցանակին է արժանացել 82-ամյա ամերիկացի դերասան ու ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը, որն անցյալ տարի հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: Դահլիճը նրան հոտնկայս է ծափահարել:











