«Քարի բանաստեղծությունը. մի ճարտարապետության պատմություն, Անի». Անկարայում պատմական Անի մայրաքաղաքին նվիրված ցուցահանդես է բացվել

14:09 • 23.02.19

Անկարայում նախօրեին հայկական պատմական Անի մայրաքաղաքին նվիրված ցուցահանդես է բացվել:

Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, «Քարի բանաստեղծությունը. մի ճարտարապետության պատմություն, Անի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում տեղ են գտել պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի, թուրք լուսանկարիչներ Մուրադ Գերմենի, Վեդաթ Աքչայօզի լուսանկարները, ինչպես նաև ուսումնասիրողներ Ումիթ Քվանչի և Էնգին Աքհիսարի տեսանյութերը:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Անադոլու քյուլթյուր» հիմնադրամը, որի հիմնադիր և ղեկավար Օսման Քավալան ներկայում համարվում է քաղբանտարկյալ:

Նշենք, որ Անի քաղաքը կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, 961–1045 թվականներին այն հանդիսացել է հայ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը:

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի են կաթողիկոսանիստ Մայր տաճարը, Սուրբ Փրկիչը, Աբուղամրենց մատուռը, Առաքելոց, Տիգրան Հոնենց եկեղեցիները, Գրիգոր Լուսավորչի տաճարը:

«Քարի բանաստեղծությունը. մի ճարտարապետության պատմություն, Անի». Անկարայում պատմական Անի մայրաքաղաքին նվիրված ցուցահանդես է բացվել