Չունենք հատուկ օրենք թատրոնի մասին, խոսքը հովանավորչության մասին է. հնարավոր չէ միայն պետական աջակցությամբ կամ սեփական եկամուտներով զարգացնել արվեստը. Ռ. Բաբայան
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ռուբեն Բաբայանը թատրոնների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման գործում մեծ նշանակություն է տալիս «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի ստեղծմանը, այն հանձնաժողովին, որը զբաղվելու է նախագծի մշակմամբ:
«Օրենսդրական դաշտը, որում գործում է թատրոնը, բացարձակ չի համապատասխանում թատրոնի գործունեության բնույթին: Ես նկատի ունեմ և՛ հարկային դաշտը, և՛ գնումների մասին օրենքը, և՛ աշխատանքային օրենսգիրքը, և՛ ՊՈԱԿ-ի մասին օրենքը, որին ենթարկվում է թատրոնը, որի վիճակն ավելի վատթարացավ ստեղծագործական տեսանկյունից, քանի որ ֆինանսական հաշիվներն անցան գանձապետարան:
Մեր երկրում գործող օրենքները բացարձակապես հաշվի չեն առնում թատրոնի ստեղծագործական գործունեության բնույթը, և մենք չունենք հատուկ օրենք թատրոնի մասին, մենք չունենք այն, ինը պարտադիր է այն երկրի համար, որն ուզում է զարգացնել մշակույթը: Խոսքը հովանավորչության, մեկենասության օրենքի մասին է: Հնարավոր չէ միայն պետական աջակցությամբ կամ սեփական եկամուտներով զարգացնել արվեստը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բաբայանը: Նա ընդգծեց, որ ստեղծված հանձնաժողովն օրենք գրել չի կարող, այն կարող է ներկայացնել առաջարկություններ, խորհուրդներ:
«Պետք է լինի պրոֆեսիոնալ հանձնաժողով` բաղկացած իրավաբաններից, տնտեսագետներից, մշակութաբաններից, գուցե տարբեր երկրների փորձագետներից, որոնց հետ կարելի է խորհրդակցել, մարդկանցից, որոնք ներկայացնում են երկրներ, որտեղ թատրոնի օրենքը մշակված է ու գործում է: Մենք ունենք սիրողական մակարդակում գործող հանձնաժողով, և խոսքն այն մասին չէ, թե ովքեր են հանձնաժողովի անդամները. նրանք հեղինակավոր մարդիկ են, բայց կրկնում եմ`եթե մենք ցանկանում ենք, որ ինչ-որ մի հանձնաժողով տա արդյունք, այն չպետք է գործի սիրողական սկզբունքներով: Այն պետք է լինի պրոֆեսիոնալ, վարձատրվող, որ հանձնաժողովի անդամներն իրենց աշխատանքային ժամը նվիրեն այդ գործին, այլ ոչ թե աշխատանքային ժամից դուրս ում ինչպես հարմար է նշանակեն հանդիպում, հավաքվեն ու պարզապես զրուցեն հետաքրքիր թեմաների շուրջ»,- ընդգծեց Բաբայանը:
Նրա խոսքով` յուրաքանչյուր օրենք պետք է նպաստի այն ոլորտի պահպանմանն ու զարգացմանը, ինչին ուղղված է այդ օրենքը: «Երբ օրենքը ստեղծում է համապատասխան մեխանիզմներ, խրախուսում է ազատ ստեղծագործությունը, երբ կարողանում է ստեղծագործող անձնակազմին տարանջատել սպասարկող անձնակազմից, երբ այն հնարավորություն է տալիս, որ ծնվեն, զարգանան և բնականոն մահանան տարբեր թատերախմբեր, միայն այդ ժամանակ ես հասկանում այդ օրենքի նպատակահարմարությունն ու կարևորությունը»,- նշեց Ռուբեն Բաբայանը:
Հանձնաժողովի անդամի համոզմամբ` տաղանդը հավերժ չէ և տրվում է որոշ ժամանակով, այն մարդուց կախված չէ: «Եթե մարդը 15 տարի ուրախացրել, հուզել է թատերասերներին և հիմա չի կարողանում դա անել, ինչ է, նրան պետք է դո՞ւրս շպրտել: Շատ կարևոր են արվեստագետի սոցիալական պաշտպանվածության հարցը, երիտասարդներին տրվող հնարավորությունները, թատերական շենք և թատրոն հասկացություններն իրարից տարանջատելը: Օրենքը այդ ամենը պետք է համակարգի, բացի այդ՝ յուրաքանչյուր օրենքի մեջ ժամանակի ընթացքում տեղի կունենան որոշակի փոփոխություններ, որովհետև թատրոնը ժամանակի մեջ գործող արվեստ է»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:










