Աբսուրդ է. Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ դրանց լուծարման, վերակազմակերպման մասին
Մեզ համար այս ամենը զավեշտալի է, որովհետև, փաստորեն, ստացվում է, որ գործընթաց է գնացել, քննարկումների շրջանակ է եղել, որից բացառապես տեղյակ չեն եղել բոլոր այդ ՊՈԱԿ-ների պատասխանատուները, որոնք ներառված են այդ ցուցակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը` անդրադառնալով մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման առաջարկին:
Նշենք, որ նախարարության առաջարկած այդ ցուցակի մեջ են ընդգրկվում «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ն, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:
Առաքելյանը նշեց, որ իհարկե, երեկ ավելի խաղաղեցնող բնույթի մեսիջներ եկան համապատասխան գերատեսչությունից, որ իբրև դա ընդամենը ներքին աշխատանքային փաստաթուղթ է, ներքին քննարկումների թեմա է: «Երեկ տեղեկացա, որ մարտի 5-ին այս նախագիծը ներկայացվելու է կառավարության քննարկմանը: Նախագիծը կառավարություն գնում է այն դեպքում, երբ բոլոր հարցերը լուծված, վերջացած են և արդեն գործադիր իշխանությունում պետք է քննարկումն ընթանա ու որոշակի լուծումներ ստանա: Սակայն մենք բացառապես ոչնչից տեղյակ չենք և մինչև հիմա էլ մեզ ոչ ոք ոչնչի մասին տեղյակ չի պահել, որևէ պաշտոնական թուղթ, որևէ գրություն չենք ստացել»,- ասաց նա և նշեց, որ ինչ-որ մեկը գոնե պետք է կապվեր, խոսեր իրենց հետ, որովհետև սա հանրային մեծ քննարկման նյութ է դարձել:
Հարցին` որո՞նք են լինելու նրանց քայլերը, եթե այդուհանդերձ կառավարությունը որոշի լուծարել կամ վերակազմակերպել թատրոնը, նա պատասխանեց. «Կսպասենք, տեսնենք, թե ինչպիսի լուծումներ են լինելու: Մեզ մոտ աշխատում են շատ լավ արվեստագետներ, ովքեր իրենց աշխատանքին նվիրված են, չնչին կոպեկներով իրենց աշխատանքը բարեխղճորեն կատարում են: Յուրաքանչյուրն էլ իր իրավունքը պաշտպանելու է»,- ընդգծեց նա:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մեկ քննարկման մասնակցել է, որը կապված է եղել ֆիլհարմոնիայի հետ:
«Ֆիլհարմոնիային պետք է միանան ժողովրդական գործիքների և երեք այլ նվագախմբեր: Ի սկզբանե այս միտքը եղել է հետևյալ կերպ` երկու կենտրոն պետք է ստեղծվեր` կամերային երաժշտության ազգային կենտրոնը, որի մեջ պետք է ընդգրկվեին կամերային անսամբլները և խորերը, երկրորդ խումբը պետք է լիներ ազգային նվագարանների կենտրոնը, և այն պետք է լիներ ֆիլհարմոնիայի բազայի վրա: Այս գաղափարը եղել է դեռևս մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ժամանակ»,- պարզաբանեց նա և նշեց, որ սակայն այդ երաժշտական խմբերը չցանկացան միավորվել և հարցը մնաց այդպես:
Նրա խոսքով` այդ երաժշտական խմբերը չեն գնում աշխատանքի, փորձ անելու տեղ չունեն: «Իմ կարծիքով` այս խմբերի համար ճիշտ որոշում է, բայց մեր տեսակետից դա այդքան էլ ճիշտ որոշում չէ: Ֆիլհարմոնիային նյութական վնաս է պատճառվելու, որովհետև մենք այդ տարածքները պետք է տանք այդ խմբերին, հիմա մենք վարձավճարով ենք տալիս այդ տարածքները: Մեր պլանը 18 մլն դոլար է, դրանով կարողանում ենք վճարել: Ես առաջարկել եմ, որ պլանը իջեցնեն, որ այդ խմբերին կարողանանք ընդունել: Մշակույթի նախարարությունը այդ քաղաքականությամբ ցանկանում է, որ այդ խմբերը տեղ ունենան, չզրկվեն աշխատանքի տեղից, իսկ մեզ համար դա միայն հոգս, ցավ և լրացուցիչ չարչարանք է»,- նշեց նա:
Հարցին` եթե չընդունվի իրենց առաջարկը, որոնք են լինելու քայլերը, նա պատասխանեց. «Բացարձակապես ոչ մի բան: Ես խնդիր չունեմ, միանալու խնդիր էլ չունեմ, չմիանալու խնդիր էլ, ինձ համար բացառապես միևնույնն է»:
«Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին դեռ չի ցանկանում մեկնաբանել, բայց հավելեց, որ, իհարկե, համաձայն չեն նախագծի հետ: «Ոնց կարող ենք համաձայն լինել, դա նույնիսկ չի քննարկվում: Աբսուրդ եմ համարում դա»,- շեշտեց նա:
Ամալյա Առաքելյան










