«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի տոմսերի վաճառքը մեկնարկում է այսօր
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և KAN իսրայելական հեռարձակող ընկերությունը հայտարարել են, որ Թել Ավիվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի տոմսերի վաճառքը մեկնարկում է այսօր՝ փետրվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
Ինչպես հաղորդվում է մրցույթի պաշտոնական կայքում, բոլոր տոմսերը կարելի է ձեռք բերել տոմսերի վաճառք իրականացնող Leaan ընկերության կայքում, որը մրցույթի գործընկերներից է:
Նշվում է նաև, որ այս տարի հիմնական համերգասրահի և կանաչ սենյակի տոմսերն առանձին են վաճառվում: Տոմսերի գները մեկնարկում են 300 շեկելից (40 000 դրամ):
Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվելու են մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ Հայաստանն այս տարի եվրոպական երաժշտական բեմում կներկայացնի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան):










