Համազգային թատրոնի անձնակազմը Մշակույթի նախարարության՝ թատրոնը լուծարելու որոշման մեջ միտումնավորություն է տեսնում

17:50 • 28.02.19

Համազգային թատրոնը երբեք չի սպասարկել որևէ կուսակցական շահ, թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանի այն հայտարարությանը, որ Համազգային թատրոնը կուսակցական է եղել։ «Եթե 1991 թ. Համազգային թատրոնը հիմնվել է «Համազգային հայ կրթական և մշակութային միության» հովանու ներքո և 2003 թ. ստացել է պետական ստատուս, նշանակում է՝ կուսակցական թատրո՞ն ենք։ 1991-2003 թթ. էստեղ որևէ կուսակցական ներկայացում եղե՞լ է, կուսակցական կարգախոս հնչե՞լ է։ Դաշնակցության որևէ լոգո եղե՞լ է որևէ տեղ։ Իհարկե ո՛չ։ Սա ուղղակի անտեղյակության արդյունք է»,-ընդգծեց Արման Նավասարդյանը։

Համազգային թատրոնի անձնակազմը Մշակույթի նախարարության այս որոշման մեջ դիտավորություն է տեսնում. «Այն ժամանակ, երբ թատրոնը պահանջում էր ղեկավարների հրաժարականը, տիկին Ղարիբյանն այն ժամանակ էլ մեզ ասաց՝ եթե թատրոնի անձնակազմը ղեկավարության հետ լեզու չի գտնում, ապա կլուծարենք թատրոնը։ Չստացվեց։ Հիմա առիթը նորից ստեղծվեց։ Իրենք ասում են՝ ո՛չ, երկու օր հետո լինում է այո, բա, սա ո՞նց են մարսելու»,-ասաց թատրոնի ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը։

Դերասանը նշում է՝ Կառավարությունից հրահանգ կա՝ օպտիմալացնել, սակայն օպտիմալացում են անում այնտեղ, որտեղ չեն աշխատում, որտեղ գումար են մսխում. «Անթույլատրելի է օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող կառույցը, ծաղկող կառույցը, ապրող կառույցը, դա, ոնց որ, բժիշկը դիտավորյալ առողջ թոքը հեռացնի»։

Դիտարկմանը, թե Նազելի Ղարիբյանը նշել է, թե ծանուցումներ են ուղարկել բոլոր ՊՈԱԿ-ների ղեկավարներին՝ հանդիպելու և մշակութային ՊՈԱԿ-ների լուծարման ու միավորման հարցը քննարկելու համար՝ Արման Նավասարդյանն ասաց. «Մեզ նման ծանուցում չի եկել, մեզ ոչ ոք չի կանչել նախարարություն։ Մեր պայքարը մենք շարունակելու ենք։ Մենք այստեղ միտումնավորություն ենք տեսնում»։

Համազգայինի աշխատակիցները ընդգծում են՝ իրենք պետությունից շատ բան չեն ուզում. վաճառված տոմսերի հասույթով էլ կարողանում ենք հոգսերը հոգալ. «Բայց չի կարելի աշխատավարձերի սուբսիդիան կտրել, որովհետև առանց դրա թատրոնը չի կարող աշխատել»։

Նշենք, որ պետությունը սուբսիդավորում է թատրոնի աշխատակիցների աշխատավարձերը՝ տարեկան տրամադրելով 67 մլն. դրամ։

Հանդիպում-քննարկման ժամանակ Նավասարդյանը նաև տեղեկացրեց, որ շարունակվում են Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները. «Եթե ամեն ինչ լավ գնա, մեկ տարվա մեջ կունենանք այդ շենքը»։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:

 

Համազգային թատրոնի անձնակազմը Մշակույթի նախարարության՝ թատրոնը լուծարելու որոշման մեջ միտումնավորություն է տեսնում