Համազգային թատրոնը չի կարող գործել առանց պետական աջակցության․ Արման Նավասարդյան (տեսանյութ)

18:54 • 01.03.19

Համազգային թատրոնն առանձին միավոր է, իր տեղն ու դիրքն ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության մշակած նախագծին:

Նախագծով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը և ևս մի քանի ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել: 

Արման Նավասարդյանի խոսքով՝ եթե Մշակույթի նախարարությունում ծանոթ լինեին թատրոնի գործունեությանը, խաղացանկին, ապա նման որոշում չէին կայացնի։ Թատրոնի տնօրենը նաև նշեց, որ երեկ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանն այցելել է թատրոն, դիտել «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որից հետո հանդիպել և խոսել է թատրոնի անձնակազմի հետ․

«Ինքն ասաց, որ որևէ դիտավորություն չկա այս որոշման մեջ։ Ռեպորտաժներում իր խոսքը մոնտաժվել և կրճատվել է և ասաց, որ երկուշաբթի ՊՈԱԿ-ների տնօրեններին իր մոտ կհրավիրի և պարզաբանում կտա»։

Հարցին, թե ստացե՞լ են հրավեր, Արման Նավասարդյանն ասաց՝ «Դեռևս ոչ։ Բայց եթե ասել է՝ կուղարկեն, ուրեմն էդպես է»։

Համազգային թատրոնի տնօրենը նաև տեղեկացրեց, որ այս պահին թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները դադարեցված են ժամանակավորապես, դադարը, սակայն, կապված չէ նախարարության այս որոշման հետ։

Հարցին, թե հնարավոր է, անկախ որոշումից թատրոնը գործի առանց պետական աջակցության, դերասանը պատասխանեց. «Ո՛չ, Համազգային թատրոնը չի կարող գործել առանց պետական աջակցության»։


Մանրամասները՝ տեսանյութում:



Քրիստինա Բոյաջյան

 

Համազգային թատրոնը չի կարող գործել առանց պետական աջակցության․ Արման Նավասարդյան (տեսանյութ)