21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանությունը. The Guardian-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացմանը (տեսանյութ)

21:15 • 01.03.19

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Հոդվածագիրն ընդգծել է, որ 21-րդ դարի մշակութային բնաջնջման ամենամասշտաբային արշավն իրականացվում է ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Կովկասյան բարձրավանդակի անտեսված շրջանում:  

«Ամերիկյան Hyperallergic ամսագրում փետրվարին հրապարակված զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարում պարբերաբար ոչնչացրել է հայերի պատմական ժառանգությունն իր երկրի տարածքում: Մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի ավերածություններին», - ասվում է պարբերականի հոդվածում: 

Հոդվածի հեղինակը նշում է, որ մշակութային ցեղասպանության ամենասարսափելի օրինակը Նախիջևանի տարածքում գտնվող Ջուլֆայի միջնադարյան հայկական խաչքարերի գերեզմանատան ավերումն է:

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ ադրբեջանական իշխանությունները մինչ օրս միջազգային փորձագետներին, այդ թվում և ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետներին թույլ չեն տալիս գերեզմանատան տարածք մտնել՝ պնդելով, որ Նախիջևանում երբեք հայեր չեն բնակվել:  

Հոդվածին կցվել է նաև Սիմոն Մաղաքյանի «Արաքսի նոր արցունքները» կարճամետրաժ ֆիլմը, որում տեսարաններ են պատկերված, թե ինչպես են քանդվում և ավերվում Ջուլֆայի խաչքարերը: 



 

 

21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանությունը. The Guardian-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացմանը (տեսանյութ)