Այս պահին մշակութային որևէ օջախ պետական հոգածությունից դուրս չի գալիս. Նազենի Ղարիբյանը՝ Համազգային թատրոնի մասին
Փակելու մասին որևէ խոսք չկա, խոսքը միայն վարչարարության, պատասխանատվության համախմբման ավելի օպտիմալ տարբերակ գտնելու մասին է: Այսօր մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Համազգային թատրոնի փակման վերաբերյալ քննարկումներին:
«Խոսք չկա Ուսանողական թատրոնի մասին, այլ ուսանողների դերասան ռեժիսորների պրոֆեսիոնալ թատրոնի համար ստեղծել մի հարթակ, որտեղ կկարողանան ավելի պրոֆեսիոնալ աշխատել»,-ասաց նա:
Մշակույթի նախարարի առաջին տեղակալը նշեց, որ տեղեկանքում գրված չէ լուծարել թատրոնը, այլ, որ ինստիտուտի հետ գործի, բայց չի նշանակում, որ պետք է պետական հոգածությունից դուրս գան: «Այս պահին մշակութային որևէ օջախի պետական հոգնածությունիցդուրս գալու մասին խոսք չկա: Նախարարությունում չկա որևէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի և ուզում է փակել որևէ թատրոն, և ընդհանրապես խոսք չկա որևէ թատրոն փակելու մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Համազգային թատրոնն իր կողմից կուսակցական համարելուն և հարցին, թե արդյոք դա չի՞ ազդի թատրոնի հեղինակության վրա, Նազենի Ղարիբյանը նշեց. «Եթե մտածում եք կուսակցական թատրոն լինելը շատ վատ բան է, ապա կարող է ազդել, սակայն ես այդպես չեմ կածում»: Նա նշեց, որ Համազգային թատրոնը եղել է կուսակցական 1991 թվականին և 2003 թվականից դարձել է պետական թատրոն:
Ի դեպ, նա նշեց, որ չի զանգել Արթուր Գրիգորյանին և ասել, որ Երգի պետական թատրոնը չի փակվելու, ոչ էլ Աթուր Գրիգորյանն է իրեն զանգել: Նա նշեց, որ եթե նախկին իշխանության ժամանակ հարցերն այդպիսի զանգերով էին լուծվում, ապա հիմա այպես չէ:
Հիշեցնենք, որ տեղեկություն կար, որ Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել: Նազենի Ղարիբյանը հաստատել է տեղեկատվությունը և նշել, որ այն մարտի 5-ին ներկայացվելու է կառավարության հաստատմանը:










