Առաջին հերթին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ պետք է հանդիպենք, և հնարավոր է՝ չգանք համաձայնության. Նազենի Ղարիբյանը` ՊՈԱԿ-ների հնարավոր միավորման մասին (տեսանյութ)
Ես չգիտեմ, թե կառավարությունն ինչ կպատասխանի, սակայն կառավարությունը տեղյակ է, որ դա տեղեկանք է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը` անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե եթե ամեն դեպքում ՊՈԱԿ-ների վերաբերյալ փաստաթուղթը սևագիր է, իսկ եթե կառավարությունը հավանության արժանացնի և կոչ անի իրականացնել, դա չե՞ն իրականացնելու, և որ ՊՈԱԿ-ների հնարավոր միացման մասին է խոսքը:
«Չի կարող այդ վիճակում կառավարությունը հավանության արժանացնել: Ենթադրում եմ, որ միակ բանը, որը կառավարությունն ի պատասխան կարող է ասել, դա այն է, որ ընտրեք այն ՊՈԱԿ-ները, որոնց վերաբերյալ ավելի հանգամանալից է ձեր հետազոտությունը, և որոնք մոտակա ժամանակաշրջանում կարող են անցնել այս գործընթացում»,-ասաց նա և նշեց, որ դրանից հետո նորից պետք է ուսումնասիրեն և եթե որոշեն, ապա առաջին հերթին այդ տնօրենների հետ պետք է հանդիպեն, և հնարավոր է՝ չգան համաձայնության:
Իսկ ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ների միավորմանը, ապա նա ասաց, որ ոչ այս սևագրի շրջանակում, դեռ ավելի շուտ հանդիպում է ունեցել «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, ոչ թե Ֆիլհարմոնիկի և եկել են համաձայնության:
Ամեն դեպքում նա նշեց, որ չկա պատասխան, թե որ թատրոնն է լուծարվելու, որոնք են միավորվելու: Նա հավանական համարեց, որ որոշ ՊՈԱԿ-ներ այնքան լավ արդյունք են ապահովում, որ կցանկանան մասնավորեցնել: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է այդ դեպքում ՊՈԱԿ-ների տնօրեններին երկուշաբթի օրը հրավիրել քննարկման, Նազենի Ղարիբյանը նշեց, որ հասկացել է, որ տնօրենները վիրավորված են, և եթե այդ փաստաթուղթը չհրապարակվեր, դրա անհրաժեշտությունը չէր լինի:
Ըստ նրա`հավանաբար նախարարության մեղավորությունը կար, որ այդ թուղթը հայտնվել է դրսում, բայց այս պահին չեմ կարող մեղադրել, քանի որ այդ թուղթն անցել է 20-ից ավելի աշխատողների ներքին շրջանառության մոտով:
«Ես երեկ գնացել եմ Համազգային թատրոն ներկայացման իրենց հրավիրով, որը փոխանցել է լրագրողը: Մենք հետո հանդիպեցինք, ներկայացումը քննարկեցինք, շատ կառուցողական զրույց ենք ունեցել, որից հետո անցանք այս խնդրին, և այսօր երեկոյան մենք գնալու ենք վիսկի խմելու»,-ասաց նա:










