Սեռական ոտնձգությունների համար մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել
Արական սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար մեղադրվող օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի փաստաբանները պնդում են, որ նրա շուրջ ծագած սկանդալը կարող է արհեստածին լինել՝ միտված հայտնի դերասանի անվան շնորհիվ գումար ստանալուն:
Ինչպես գրում է Deadline-ը, Սփեյսիի ներկայացուցիչներն ընդգծել են, որ դերասանի կարգավիճակը «էական նյութական դրդապատճառներ» կարող է տալ մարդկանց, որոնք կարող են ցանկանալ գումար վաստակել նրա անվան միջոցով:
Հայտնի է, որ փաստաբաններն արդեն ձայնագրություններ են պահանջել դերասանին մեղադրող անձից ու նրա ընտանիքից: Նշվում է, որ այդ ձայնագրությունները, ենթադրաբար, կարող են ապացուցել, թե ինչպես են նրանք պատրաստվել Սփեյսիի դեմ քաղաքացիական հայց ներկայացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին մասնագիտությամբ մերսող տղամարդը Սփեյսիին մեղադրել էր սեռական բռնության փորձերի համար: Տղամարդը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին, երբ ինքը այցելել է դերասանի տուն՝ մերսման: Նա պատմել է, որ դերասանը նախ կողպել է սենյակի դուռը, այնուհետ մերսման ժամանակ իրեն այլ գործողությունների դրդել:
Քևին Սփեյսիի շուրջ սկանդալը սկսվել է այն ժամանակ, երբ դերասան Էնթոնի Ռեփը նրան հրապարակավ մեղադրել է 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը ներողություն էր խնդրել ու խոստովանել, որ ինքը միասեռական է:










