Պրիմորյեի իշխանություններն ուսումնասիրում են քանդակագործ Ծերեթելիի՝ Հիսուս Քրիստոսի 68 մետրանոց արձանը կանգնեցնելու առաջարկը
ՌԴ Պրիմորյեի երկրամասի իշխանություններն ուսումնասիրում են քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի՝ Վլադիվոստոկի բլրի վրա Հիսուս Քրիստոսի 68 մետրանոց արձանը կանգնեցնելու առաջարկը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փոխնահանգապետ Կոնստանտին Մեժոնովը:
Սպասվում է, որ արձանի համար միջոցներ կնվիրաբերեն մասնավոր ներդրողները, և այն նման չի լինի Ռիո դե Ժանեյրոյի հայտնի արձանին:
«Առաջարկը ստացվել է քանդակագործ Ծերեթելիից: Այժմ հարցն ուսումնասիրվում է: Ծերեթելիի առաջարկով՝ դա կլինի մեծ բարձրությամբ արձան»,- ասել է Մեժոնովը:
Ինչպես հայտնել է «Վյատսկիյ Պոսադ հոգևոր-ուղղափառ կենտրոն» կազմակերպության հիմնադիր Գենադի Ցուրկովը, սա մասնավոր նախաձեռնություն է և դեռ համաձայնեցված չէ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ:










