Այն ձևով, ինչպես ասպարեզ իջավ այս հարցը, անթույլատրելի է. Ն. Խաչատուրյանը՝ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների վերակազմավորման առաջարկի մասին

21:30 • 04.03.19

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման նման ձևով առաջարկն անթույլատրելի է համարում: 

«Որ համակարգում օպտիմալացում պետք է լինի՝ անշուշտ, բայց այն ձևով, ինչպես ասպարեզ իջավ այս հարցը, կարծում եմ, անթույլատրելի է՝ առանց խորհրդակցելու, առանց տվյալ ՊՈԱԿ-ների  ղեկավարների ու անձնակազմի հետ խոսելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ բարձրացված աղմուկից հետո, իհարկե, ով այդ հարցը մեջտեղ էր բերել, սկսեց ավելի փափուկ արտահայտվել:

Նշենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել է, որ որոշ ՊՈԱԿ-ների լուծարման կամ օպտիմալացման մասին նախարարությունում շրջանառվող աղմկահարույց փաստաթուղթն աշխատանքային է, նախագիծ չէ և մարտի 5-ին քննարկման չի դրվելու:

«Նախ շատ լուրջ ուսումնասիրություն պետք է արվի, արդյո՞ք այդ ուսումնասիրությունները կան, արդյո՞ք Մշակույթի նախարարությունն ունի պատկերը, թե ինչպես են աշխատել, ինչ արդյունքներ են արձանագրել կամ ինչու չեն արձանագրել, որից հետո նման որոշում է կայացրել»,- ասաց նա:   

Պատճառաբանությունը, թե որոշ տուն-թանգարանների շատ փոքր մասն է, որ շատ լավ աշխատում է և այցելուներ ունի, և մարդկանց մեծ մասը նույնիսկ այդ տուն-թանգարանների տեղն էլ չգիտի, գաղափար կար մեր տուն-թանգարաններին համախմբել մեկ կոնցեպտի մեջ, Նարինե Թուխիկյանն արձագանքեց. «Եթե կան նման թանգարաններ, պետք է հասկանան, թե ինչու է այդպես, ինչու տնօրենը լավ չի աշխատել այդ թանգարանում, թող հեռացնեն տնօրենին: Եթե ասում են X թանգարանն այցելու չունի, ուրեմն կառավարման խնդիր կա, ես կարող եմ վստահեցել, որ հայաստանյան բոլոր թանգարաններն ունեն ահռելի հետաքրքիր և հարուստ  մշակութային ժառանգություն, բոլոր թանգարանները կարող են շատ հետաքրքիր լինել այցելուների համար, նյութերը պահում են թանգարաններում, բայց դա մատուցման եղանակ է պահանջում, որ մարդիկ գան դեպի քեզ»:

Իհարկե, Թուխիկյանը շեշտում է, որ չի բացառվում, որ լավ արդյունք ստանան՝ երկու թանգարաններ կամ երկու ՊՈԱԿ-ներ միավորելով կամ հուշային թանգարանները մեկ  հովանու տակ վերցնելով, բայց ընդգծում է, որ դա ուսումնասիրության հարց է: 

«Ես որևէ հիմք չունեմ դա պնդելու համար, մինչև գործը հասցնելը պետք է հիմնավորեն, եթե արել են, թող ցույց տան այն փոքր թանգարանները, որոնք վերապահմամբ են մոտենում, թող ցույց տան, թե քանի հոգի է աշխատում, և քանի հոգի պետք է կրճատվի: Դիցուք, Սպենդիարյանի անվան թանգարանն օրինակ ուզում են միավորել Գրականության և արվեստի թանգարանի հետ՝ պատճառաբանելով, որ ամբողջ գրավոր ժառանգությունը՝ նոտաներ, նամակագրությունը և ամեն ինչը ձեռագրային տարբերակով գտնվում է ԳԱԹ-ում: Հովհաննես Թումանյանի ձեռագրերն էլ են ԳԱԹ-ում գտնվում, բայց դա չի նշանակում, որ Թումանյանի տուն-թանգարանը կարող է միացվել ԳԱԹ-ին, իսկ ԳԱԹ-ում են պահվում, որովհետև ԳԱԹ-ի ձեռագրերի պահման համար համեմատաբար լավ պայմաններ են, իսկ Թումանյանի թանգարանում խայտառակ պայմաններ են, նույնը գուցեև Սպենդիարյանի դեպքում է: Գուցե շատ հետաքրքիր լուծում կա, բայց պետք է ծրագիր ներկայացնես, ասես՝ ինչ տեսլական  ունես միացնելուց հետ, իսկ եթե միացնում ես, որ մի հաշվապահ ազատես աշխատանքից և խնայես ամսական 60 000 դրամ, դա ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նախ պետք է մասնագետների հետ խորհրդակցեն. «Միշտ չէ, որ նախարարությունում մասնագետներ են լինում, նախարարություններում սովորաբար աշխատում են չինովնիկներ, բայց նրանք պետք է հաշվի նստեն և խոսեն այն մարդկանց հետ, ովքեր այդ գործի մեջ են: Թող չնեղանան նախարարությունում աշխատող իմ կոլեգաները, բայց նրանք չինովնիկ են, պետական ծառայողներ են, գուցե որոշները մշակույթի ոլորտից են գնացել, բայց այսօր մշակույթի պրակտիկ գործիչների հետ պետք է աշխատեն»,- նշեց նա:

 

Այն ձևով, ինչպես ասպարեզ իջավ այս հարցը, անթույլատրելի է. Ն. Խաչատուրյանը՝ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների վերակազմավորման առաջարկի մասին