The Prodigy խմբի վոկալիստ Ֆլինթն ինքնասպանություն է գործել նախկին կնոջ հետ ամուսնալուծության պատճառով ունեցվածքը կիսելու ֆոնին. The Sun
Բրիտանական The Prodigy խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթն ինքնասպանություն է գործել նախկին կնոջ՝ ճապոնուհի Մայումի Կաիի հետ ամուսնալուծության պատճառով ունեցվածքը կիսելու ֆոնին, գրում է The Sun պարբերականը:
Մահվանից օրեր առաջ երաժիշտը ստիպված է եղել մոտ 2 մլն դոլարով վաճառքի հանել Էսսեքս կոմսության Դանմոու քաղաքի իր տունը:
Ֆլինթի մահվան ժամանակ Կաին Ճապոնիայում է եղել: Զույգն ամուսնացել է 2006թ.-ին: Պարբերականի աղբյուրի հավաստմամբ՝ կնոջից ամուսնալուծվելուց հետո խմբի վոկալիստը ընկճախտի մեջ է ընկել:
«Լուրերը համապատասխանում են իրականությանը: Հավատս չի գալիս, որ ասում եմ սա, բայց մեր եղբայր Քիթն ինքնասպանություն է գործել»,- գրել է The Prodigy խմբի համահիմանդիր Լիամ Հոուլեթը:
Ֆլինթը նախկինում տված հարցազրույցների ժամանակ խոստովանել է հարբեցողության, թմրամոլության և ընկճախտի դեմ պայքարի մասին՝ ասելով, որ իր կինը «փրկել» է իրեն:
2015թ.-ին հարցազրույցներից մեկում, խոսելով թմրամոլության և ընկճախտի մասին, Քիթն ասել է. «Երբ հոգնեմ այս ամենից, ինքնասպան կլինեմ»:
Մեկ այլ հարցազրույցում երաժիշտը պատմել է, թե ինչպես է մի անգամ մտածել ինքնասպան լինելու մասին. «Ես հաբերը կշարեի սեղանին և հերթով կխմեի դրանք, մինչև կորցնեի գիտակցությունս, սակայն դրա համար քաջություն է հարկավոր, իսկ ես վախկոտ էի»:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ոստիկանությունը ժամանել էր Ֆլինթի տուն և նրան գտել անգիտակից վիճակում: Ոստիկանները շտապօգնություն էին կանչել, սակայն 49-ամյա երաժիշտն արդեն մահացած է եղել:










