Կանադական և նորզելանդական մի շարք ռադիոկայաններ մանկապղծության մեղադրանքների ֆոնին հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերը հնչեցնելուց

18:33 • 06.03.19

Նոր Զելանդիայում New Zealand Media Entertainment և MediaWorks ցանցերին պատկանող ռադիոկայանները մանկապղծության մեղադրանքների ֆոնին փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերն այլևս չհնչեցնելու որոշում են կայացրել, գրում է Daily Mail-ը:

«Մենք չենք որոշում՝ Ջեքսոնը մեղավոր է մանկապղծության համար, թե ոչ, մենք պարզապես ցանկանում ենք համոզվել, որ մեր ռադիոկայաններով այնպիսի երաժշտություն է հնչում, որն ունկնդիրները ցանկանում են լսել»,- ասել է MediaWorks ցանցի տնօրինությունը:

Ավելի վաղ նման որոշում էին կայացրել կանադական CKOI, Rythme և The Beat ռադիոկայանները:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին թողարկված և Մայքլ Ջեքսոնի ենթադրյալ գլխավոր զոհերը հանդիսացող Ուեյթ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների հիման վրա նկարահանված «Նևերլենդը լքելով» (Leaving Neverland) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Ֆիլմի պրեմիերայից հետո հայտնվել էին ևս 11 ենթադրյալ զոհեր, որոնք փոփի արքայի կողմից ոտնձգությունների ենթարկված ժամանակ 7-14 տարեկան են եղել:

Կանադական և նորզելանդական մի շարք ռադիոկայաններ մանկապղծության մեղադրանքների ֆոնին հրաժարվել են Մայքլ Ջեքսոնի երգերը հնչեցնելուց