Մայքլ Ջեքսոնի դեմ մանկապղծության մեղադրանքների ֆոնին Simpsons մուլտսերիալից կհանվի երգչի հնչյունավորած դրվագը
Ամերիկյան Simpsons հայտնի մուլտսերիալի ստեղծողները որոշել են հանել այն դրվագը, որում փոփի արքա Մայքլ Ջեքսոնը հնչյունավորում է կերպարներից մեկին, գրում է Wall Street Journal-ը՝ մուլտսերիալի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Բրուքսին հղումով:
«Կարծում եմ՝ միայն մեկ ելք ունենք»,- ասել է Բրուքսը թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ նման որոշման մուլտսերիալի հեղինակները եկել են «Նևերլենդը լքելով» վավերագրական ֆիլմի դիտումից հետո, որում 2 երիտասարդներ պատմում են փոքր հասակում երգչի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված լինելու մասին:
Խոսքը «Միանգամայն խենթ հայրիկ» սերիայի մասին է, որում Գոմեր Սիմփսոնը հայտնվում է բժշկական բաժանմունքում, որտեղ հանդիպում է իրեն Մայքլ Ջեքսոնը կարծող տղամարդու հետ: Հենց այդ հերոսին էլ հնչյունավորել է Ջեքսոնը:
Դրվագը կհեռացվի բոլոր հարթակներից և աղբյուրներից, որոնցում այն առկա է:
Բրուքսի խոսքով՝ դա մի գիշերվա մեջ տեղի չի ունենա, սակայն գործընթացն արդեն մեկնարկել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք նորզելանդական և կանադական ռադիոկայաններ Ջեքսոնի երգերն այլևս չհնչեցնելու որոշում էին կայացրել:
Հունվարի վերջին թողարկված և Մայքլ Ջեքսոնի ենթադրյալ գլխավոր զոհերը հանդիսացող Ուեյթ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների հիման վրա նկարահանված «Նևերլենդը լքելով» (Leaving Neverland) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Ֆիլմի պրեմիերայից հետո հայտնվել էին ևս 11 ենթադրյալ զոհեր, որոնք փոփի արքայի կողմից ոտնձգությունների ենթարկված ժամանակ 7-14 տարեկան են եղել:










