Ethiopian Airlines-ը ժամանակավորապես դադարեցրել է Boeing 737 MAX 8 տեսակի օդանավի թռիչքները

11:17 • 11.03.19

Ethiopian Airlines ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Boeing 737 MAX 8 տեսակի օդանավի թռիչքները նախօրեին 157 մարդու կյանք խլած դժբախտ պատահարից հետո: Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության Twitter-ի պաշտոնական էջից:

Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմնա մինչ դրա չեղարկման մասին իրենց նոր ծանուցումը:

Նշվում է նաև, որ ողբերգության պատճառը դեռ պարզված չէ, և տվյալ որոշումը կայացվել է որպես անվտանգության լրացուցիչ միջոց: Հայտնի է, որ ընկերությունում առկա է 4 նման տեսակի օդանավ:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, կործանվել է Եթովպիայի տարածքում: Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ: