Մեքսիկայում ավազակներն առևանգել են ավտոբուսի ուղևորներին ու տարել անհայտ ուղղությամբ

10:58 • 11.03.19

Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում ավազակներն առևանգել են Տամպիկո քաղաքից Ռեյնոսա ուղևորվող ավտոբուսի ուղևորներին և տարել նրանց անհայտ ուղղությամբ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ զինված հանցագործները երկու մեքենաներով փակել են ավտոբուսի ճանապարհն ու թույլ չեն տվել վարորդին շարունակել ընթացքը: Այնուհետև նրանք զենքի սպառնալիքով ավտոբուսից դուրս են բերել այնտեղ գտնվող 41 ուղևորներից 19-ին ու տարել նրանց:

Միջադեպից հետո ավտոբուսի վարորդը կապվել է ընկերության ղեկավարության հետ և պատմել տեղի ունեցածի մասին: Գործին միացել են իրավապահները, սակայն մինչ այս պահն առևանգման մասին պաշտոնական տեղեկություն չկա:

Հայտնի է, որ Մեքսիկայի արևելյան ափին գտնվող Տամաուլիպաս նահանգը երկրում նարկոթրաֆիքի առանցքային շրջաններից է, այստեղ նաև հաճախ են տեղի ունենում զանգվածային սպանություններ, որոնց պատճառը նարկոկարտելների միջև ծագած կոնֆլիկտներն են: