Վենեսուելայում զանգվածային հոսանքազրկման 5-րդ օրն է. կողոպտիչները հարձակվել են սուպերմարկետների վրա, հոսանքազրկված հիվանդանոցներում 15 մարդ է մահացել (լուսանկարներ)
Կարակասի ոստիկանությունն անցած կիրակի ձերբակալել է ավելի քան 50 մարդու, որոնք հարձակվել են մայրաքաղաքի սուպերմարկետների վրա՝ թալանելով դրանք:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ստորև ներկայացված ֆոտոշարքում երևում է, որ սուպերմարկետները տակնուվրա են արվել, իսկ որոշներն էլ պարզապես դատարկվել են սնունդ հայթայթել ցանկացող հուսահատ քաղաքացիների գրոհի հետևանքով:

Լուսանկարներում երևում է, որ օրինազանցներին զինված ոստիկանները պառկեցրել են ասֆալտին, այնուհետև տեղափոխում են բեռնատարներով: Նրանց թվում նաև կանայք կան:

Պարբերականը մանրամասնում է, որ երկրում արդեն 5-րդ օրն է, ինչ էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են, ինչն ավելի է վատացրել մարդկանց սոցիալական վիճակը: Այս օրերին շատացել են աղբանոցներում սնունդ փնտրողները: Գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ մեկ հացի համար վճարել են հարյուր դոլար:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, կոչ է արել քաղաքացիներին համազգային հանրահավաք անել՝ ավելի մեծացնելով երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ ճնշումը:

Նշվում է, որ զանգվածային հոսանքազրկումն ավելի է թեժացրել Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամը. աշխարհի ավելի քան 50 երկրի կողմից երկրի օրինական ղեկավար ճանաչված Գուաիդոն և իշխանությունը թողնել չցանկացող Մադուրոն փակուղու առաջ են կանգնել:

Թեև զանգվածային հոսանքազրկման հետևանքների վերաբերյալ դեռևս պաշտոնական եզրակացություն չկա, այնուհանդերձ, հասարակական կազմակերպությունների փոխանցմամբ, անցած 4 օրում երիկամային անբավարարություն ունեցող առնվազն 15 հիվանդ մահացել է հոսանքազրկված հիվանդանոցներում դիալիզի բուժում անցնել չկարողանալու պատճառով:

Նշվում է, որ երկրի 23 նահանգից վեցում զանգվածային հոսանքազրկումների հետևանքով կաթվածահար է եղել բիզնեսը, հիվանդանոցներն ու հանրային տրանսպորտը մեծ դժվարությամբ են աշխատում:

Նախագահ Մադուրոն հայտարարել է, որ երկրի էլեկտրաէներգիայի 80%-ն ապահովող «Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարն ամերիկյան կողմի կազմակերպած կիբեռհարձակման հետևանք է:






















