Զարթոնք գյուղի բնակիչները պահանջում են 23 տարվա գյուղապետի հրաժարականը, պնդում են՝ յուրացրել է Քառօրյա պատերազմի մասնակիցների գումարները. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 11-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամա է անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարները յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը տվել է, մի մասն էլ հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալաբանովի նման գրպանել է։ Մենք բազմաթիվ փաստեր ունենք գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, ու այդ ամենը պատրաստվում ենք ներկայացնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վստահ ենք, որ նա, երբ ծանոթանա մեր ներկայացրած փաստերին, կդիմի կառավարություն, որպեսզի սկսեն գյուղապետարանում աուդիտ անցկացնել և կհորդորի գյուղապետին, որպեսզի նա, ով 23 տարի է՝ գյուղապետ է, ինքնակամ հրաժարական տա»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Քառօրյա պատերազմի մասնակիցները նույնպես ներկայացրեցին իրենց պահանջներն ու թղթաբանությամբ ապացուցում են, որ գյուղապետը, իրոք, իրենց անվամբ դուրս գրված գումարները յուրացրել է։ Նա անգամ յուրացրել է սոցիալապես անապահով ընտանիքին տված, ինչպես ժողովուրդն է ասում, «յուղը վրեն» Hyundai մակնիշի ավտոմեքենան, հետո ինչ-ինչ ճանապարհներով արդեն երկար ժամանակ է, ինքն է այդ մեքենայով շրջում։










