Դրեյքն իր երգացանկից հեռացրել է Donʼt Matter to Me երգը, որում օգտագործվել է Ջեքսոնի ձայնը. TMZ

15:00 • 12.03.19

Կանադացի հիփ-հոփ կատարող Դրեյքն իր երգացանկից հեռացրել է Donʼt Matter to Me երգը, որում օգտագործվել է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ձայնը, այս մասին գրում է TMZ-ը:

Նշվում է, որ Դրեյքի նման քայլի պատճառը, ամենայն հավանականությամբ, Ջեքսոնի մասին աղմկահարույց ֆիլմն է, որտեղ աշխարհահռչակ երգիչը մեղադրվում է մանկապղծության համար:

Ջեքսոնի արխիվային ձայնագրությամբ երգի՝ ռեփերի երգացանկից անհետանալը նկատել են նրա երկրպագուները՝ Մանչեսթերում տեղի ունեցած համերգի ժամանակ:

Դրեյքն անձամբ որևէ կերպ չի մեկնաբանել իր այդ քայլը: Հայտնի է, որ Donʼt Matter to Me-ն նա կատարում էր ԱՄՆ-ում կայացած իր ելույթների ժամանակ ամբողջ 2018 թվականի ընթացքում:

Հիշեցնենք, որ Ջեքսոնի հասցեին մանկապղծության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին օրերս Մեծ Բրիտանիայի Ֆուտբոլի ազգային թանգարանից հեռացվել է հանգուցյալ աստղի արձանը:

Հիշեցնենք, որ «Leaving Neverland» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:

Դրեյքն իր երգացանկից հեռացրել է Donʼt Matter to Me երգը, որում օգտագործվել է Ջեքսոնի ձայնը. TMZ