Իոսիֆ Կոբզոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

21:45 • 13.03.19

Խորհրդային և ռուսաստանյան էստրադայի երգչուհի Վիկա Ցիգանովան մեղադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին սեռական ոտնձգություններ կատարելու համար: Նա հայտարարել է, որ տարիներ առաջ հյուրախաղերի ժամանակ Կոբզոնը ուշ երեկոյան ժամի հյուրանոցի իր սենյակ է կանչել երգչուհուն, իսկ երբ վերջինս մերժել է, արտիստը նեղացել է նրանից:

Ինչպես գրում է StarHit-ը, Ցիգանովան պատմել է, որ հենց նրա մերժումն է եղել Կոբզոնի հետ երկար տարիներ շարունակ ձգվող կոնֆլիկտի պատճառը:

«Հրաժարվեցի նրան գիշերը օրորոցային երգելուց: Հյուրախաղերի ժամանակ երեկոյան հրավիրում էր իր սենյակ: Նույնիսկ պատին էր թխկթխկացնում: Իսկ ես չգնացի: Նեղացավ մարդը», - հիշում է Ցիգանովան:

Ավելի վաղ երգչուհու ամուսինը հայտնել էր, որ շուրջ 30 տարի բեմում գտնվող Ցիգանովան այդպես էլ նոր հիթեր չունեցավ, քանի որ նրան «թույլ չեն տալիս նորմալ աշխատել Ռուսաստանում»:

Նշենք, որ Իոսիֆ Կոբզոնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին:

Իոսիֆ Կոբզոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ