Երգչուհի Յուլյա Նաչալովան մոսկովյան կլինիկաներից մեկում է. մենեջերի խոսքով՝ նրա վիճակը ծանր է
Երգչուհի Յուլյա Նաչալովան գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկում. նրա առողջական վիճակը ծանր է գնահատվում: Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին հայտնել է երգչուհու մենեջեր Աննա Իսաևան:
«Ի սկզբանե որևէ մեկը չէր կարող մտածել, որ այս ամենն այսքան կլրջանա, քանի որ կլինիկա ընդունվելուց այսքան լուրջ պատճառներ ու մտավախություններ չեն եղել: Սակայն երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է»,- Instagram-ում գրել է Իսաևան:
Մենեջերը հրաժարվել է հրապարակել երգչուհու ախտորոշումը՝ առաջարկելով սպասել պաշտոնական տեղեկության:
Մինչդեռ լրատվամիջոցները գրում են, որ Նաչալովային միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Հիշեցնենք, որ Նաչալովայի առողջական վատ վիճակի ու հոսպիտալացման լուրերը տարածվել էին դեռևս երկուշաբթի: Լրատվամիջոցները գրել էին, որ երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել: Սակայն երգչուհին հերքել էր այդ տեղեկությունը՝ լրագրողներին խնդրելով հանգստանալ և հավելելով, որ ինքը գտնվում է Հռոմում:










