Բաքվի հետ առնչություն ունենալու համար գերմանացի պատգամավորը տուգանվել է 20 000 եվրոյով

23:35 • 14.03.19

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Կարին Շտրենցը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին տեղյակ չի պահել Ադրբեջանից ստացած հավելյալ աշխատավարձի մասին:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, տուգանքի չափը կազմել է 20 000 եվրո: Նման որոշում մարտի 14-ին կայացրել է Բունդեսթագի վարչակազմը:

Կասկածները Շտրենցի նկատմամբ ի հայտ են եկել դեռևս 2017-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ծագած կոռուպցիոն սկանդալի ընթացքում: Նրա անունը նշվում է 2018-ի ապրիլին անկախ փորձագետների՝ Բաքվի շահերը Եվրոպայում ներկայացնելու համար կաշառքների մասին հրապարակած զեկույցում:

Փաստաթղթում ասվում է, որ կոռուպցիոն սկանդալի հիմնական գործող անձը՝ նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, Շտրենցին աշխատանքի է ընդունել իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերության միջոցով, որը ֆինանսավորվել է Բաքվից և զբաղվել Ադրբեջանի շահերի առաջխաղացմամբ:

Շտրենցը մասնակցել է 2015-ին Ադրբեջանում կայացած ընտրություններին ներկա դիտորդական առաքելությանը: Այդ պատճառով 2018-ին նա երկրորդ անգամ չի առաջադրվել ԵԽԽՎ-ում:

Ինքը պատգամավորը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Լինթների ընկերության ադրբեջանական եկամուտների մասին և իր մեղքն ընդունել է միայն լրացուցիչ աշխատավարձի վերաբերյալ Բունդեսթագին ժամանակին տեղյակ չպահելու մասով: