Իտալիայում եկեղեցի ներխուժած անձինք հայտնի կտավի փոխարեն դրա կրկնօրինակն են գողացել

11:59 • 14.03.19

Իտալիայի հյուսիսային Կաստելնուովո Մագրա քաղաքում անհայտ անձինք թալանել են Սբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին՝ բնօրինակի փոխարեն գողանալով նիդեռլանդցի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Կրտսերի կտավի կրկնօրինակը, գրում է Il Secolo XIX պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին: Գողերը եկեղեցի են ներխուժել, կոտրել պաշտպանիչ ապակին և, հափշտակելով մոտ մեկ դար առաջ եկեղեցուն նվիրաբերված «Խաչելություն» կտավի կրկնօրինակը, ավտոմեքենայով հեռացել:

Քաղաքապետ Դանիելե Մոնտեբելլոն հայտնել է պարբերականին, որ Իտալիայի իրավապահ մարմինները նախապես տեղեկացված են եղել ծրագրվող կողոպուտի մասին և արժեքավոր կտավը փոխարինել են կրկնօրինակով:  

Կողոպուտից հետո եկեղեցում անվտանգության տեսախցիկներ են տեղադրվել: Այժմ ոստիկանությունը փնտրում է գողերին:

Իտալիայում եկեղեցի ներխուժած անձինք հայտնի կտավի փոխարեն դրա կրկնօրինակն են գողացել