Ջոդի Ֆոսթերը խոստովանել է, որ «Գառների լռությունը» ֆիլմի նկարահանման ժամանակ վախենում էր Էնթոնի Հոփքինսից
Հոլիվուդյան դերասանուհի Ջոդի Ֆոսթերն իր հարցազրույցներից մեկում խոսել է 1991թ. նկարահանված ու սարսափ ֆիլմերի շարքում արդեն դասական դարձած «Գառների լռությունը» կինոնկարի մասին՝ խոստովանելով, որ նկարահանումների ընթացքում վախենում էր խաղընկերոջից՝ մարդակեր Հանիբալ Լեկտորին մարմնավորած Էնթոնի Հոփքինսից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 56-ամյա դերասանուհու խոսքով՝ նկարահանումները շատ բարդ էին. Հոփքինսի հետ հարցաքննության ամեն մի տեսարանից հետո Ֆոսթերը շոկի մեջ էր ընկնում:
«Ֆիլմն ինձ չէր վախեցնում, իսկ Էնթոնի Հոփքինսը՝ այո»,- պատմել է դերասանուհին՝ հավելելով, որ նկարահանումների վերջին օրն իր ապրումների մասին անկեղծորեն կիսվել է խաղընկերոջ հետ:
Ի զարմանս Ֆոսթերի՝ Հոփքինսը խոստովանել է, որ ինքը ևս վախեցած էր:
Արդյունքում «Գառների լռությունը» հաղթել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության մի քանի անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», իսկ Ֆոսթերն ու Հոփքինսն արժանացել են լավագույն դերասանուհու և դերասանի տիտղոսներին:











