Անպայման կհրապարակեմ այն մարդու անունը, որը Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքից 20,000 դրամ է գողացել. Լոռու մարզպետ

17:59 • 15.03.19

Ապրիլյան պատերազմի մասնակցի ընտանիքին փոխանցված գումարի մի մասը գրպանելու միայն մեկ դեպքի փաստերով է քրեական գործ հարուցվել, բայց արդեն մարզպետ նշանակվելուց հետո ես ինչքանով տեղյակ եմ, չարաշահումներ շատ են եղել: Tert.am-ի հարցին, թե քանի նման դեպք է բացահայտվել, ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Վերջինս, հիշեցնենք, գրառում էր կատարել, ըստ որի՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, ստորագրել դրա դիմաց, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը: Ըստ նրա՝ նախորդ տարիներին Լոռու մարզպետարանի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է:

Մարզպետը ենթադրում է, որ նման չարաշահումներ էլի կան, բայց շեշտում է, որ խնդիրն այն է, որ գրպանել են պատերազմին մասնակցած սպայի ընտանիքին տրվող գումարը: Իսկ թե քանի՞ նման ընտանիքների են գումարներ տրվել, ասաց, որ հստակ չի կարող ասել, դրանք կարող են լինել 1 կամ 2 տասնյակ, որոնք ուղղվել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներին:

Ինչ վերաբերում է նրան, թե կոնկրետ ինչ պաշտոնյայի կողմից են նման չարաշահումներ արվել, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, քննության ավարտից հետո պարզ կլինի: «Քանի որ հարցն Ապրիլյան պատերազմի հետ է կապված, ես այդ մարդու անունը, անպայման, կհրապարակեմ, որպեսզի հանրությունն իմանա, թե ով է, որ Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքից 20 000 դրամ է գողանում»,-նշեց նա: