«Մենք կուզեինք, որ ռուսերենը Հայաստանում լավ կարգավիճակ ունենա». ՌԴ դեսպանը Երևանի դպրոցներից մեկում ներկա է գտնվել ռուսերենի սենյակի բացմանը (լուսանկարներ)

14:47 • 15.03.19

Երևանի թիվ 189 դպրոցում այսօր բացվել է ռուսերենի դասարան. բացմանը ներկա է գտնվել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դպրոցի մուտքի մոտ նրան դիմավորեցին աղ ու հացով: Կարմիր ժապավենը կտրելուց հետո աշակերտները դեսպանին ռուսերեն ներկայացրին իրենց գիտելիքները Ռուսաստանի, ռուսական մշակույթի ու ավանդույթների մասին:

Դեսպանը շնորհավորեց բոլորին դասարանի բացման առթիվ, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը պատմական խոր հարաբերություններ ունեն, ինչը դրսևորվում է բազում ոլորտներում:

«Ռուսերենը մեծ դեր է ունեցել, որ Հայաստանի հարուստ մշակույթը ձեռք բերի համաշխարհային ճանաչում: Բոլոր ոլորտներում մենք համագործակցում ենք, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում, ինչը մեկ լեզվով խոսելու անհրաժեշտություն է առաջացնում»,- նշեց Ս. Կոպիրկինը: Ըստ նրա՝ սա կարևոր է առաջին հերթին աշակերտների համար, ովքեր կստանան լեզու սովորելու և ունակությունները զարգացնելու ևս մեկ հարթակ:

Tert.am-ի հարցին՝ կա՞ ծրագիր, որ ռուսերենը ապագայում Հայաստանում կարգավիճակ ունենա կամ դառնա երկրորդ պետական լեզուն, դեսպանը պատասխանեց. «Մենք կուզեինք, որ ռուսերենն ունենար լավ կարգավիճակ Հայաստանում, բայց դա ավելի շատ Հայաստանի ղեկավարությանն ուղված հարց է: Մենք մեծ տեղ ենք տալիս նրան, որ ռուսաց լեզուն Հայաստանում «չկորի», որ ռուսերենը մնա կարևոր լեզու: Կարծում եմ, որ այս աշխատանքը շատ կարևոր է հենց Հայաստանի համար: Ռուսերենի իմացությունը կմեծացնի հայ դպրոցականների հնարավորությունները»:

Նշենք, որ դասասենյակը բացվել է «Եվրասիական միություն» ոչ պետական կազմակերպության և գիտության, մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

«Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամներ են: Մենք դաշնակիցներ ենք ու կմնանք դաշնակիցներ: Դրա մեջ մեծ դեր ունի երիտասարդության միջև կապի ամրապնդումը: Մենք հիշում ենք, թե ինչպես են հայերը մեզ օգնել վատ դրության մեջ, մենք հիշում ենք, թե ինչպես ենք օգնել մենք հայերին»,- ասաց «Եվրասիական միություն» ոչ պետական կազմակերպության ղեկավար Տատյանա Պոլոսկովան: