Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում այսօր առավոտյան բացված հրաձգության զոհերի թիվը հասել է 49-ի
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում այսօր առավոտյան բացված հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի: Ինչպես հայտնում է New Zealand Herald-ը, այդ մասին հայտարարել է երկրի ոստիկանության պետ Մայք Բուշը:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել էր 40 զոհի և տասնյակ վիրավորների մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող առնվազն երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել: Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:
Նշվում է, որ նրան այժմ փնտրում են: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ: Ավելի վաղ նշվել էր, որ ձերբակալվածների թվում է նաև Տարանտը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»:










