«Մոնումենտի դղյակները», որքան էլ մեզ դուր գան կամ չգան, գրանցված են որպես սեփականություն. քաղաքապետարանի խոսնակ

11:24 • 15.03.19

Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ այդ սրճարաններում աշխատում է երկուսից երեք տասնյակ մարդ: «Երբ ասում եմ՝ աշխատում են, նկատի ունեմ գրանցված աշխատողներին, իսկ եթե աշխատում են ու գրանցված չեն, դա արդեն Քրեական օրենսգրքի հետ է առնչվում: Հնարավոր է նաև, որ նախկին վարձակալներն իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:

Իսկ թե ինչու այսօր ընդվզում չկա, ինչով է պայմանավորված, որ ընդդիմացողները չեն բողոքում, Կարապետյանը վստահեցրեց, որ ստվերային պայմանավորվածություն չի եղել: «Չեմ կարող ասել՝ ինչու է հանգիստ, ստվերային պայմանավորվածություն չի եղել»,- ասաց նա:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ հույս ուներ, որ այսօր ընդվզում չի լինի: «Հանրությունը համոզվում է, որ ոչ միայն գործընթացն օրինական է, այլև բխում է քաղաքի շահերից»,- ասաց նա:

Հարցին էլ՝ քաղաքապետը նշել է, որ սա միայն պրոցեսի սկիզբն է, և որ գործընթացը շարունակական է լինելու, հաջորդը որ տարածքն է լինելու, նա ասաց, որ որևէ գործընթաց սկսելուց առաջ քննարկվում, ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը:

«Տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել: Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ: Հարցեր են  հնչում՝ ինչու չենք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված: Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները, որքան էլ դուր գան կամ չգան մեզ, գրանցված են որպես սեփականություն, և իրավական միակ ճանապարհը՝ դրանք վերստին անտառ կամ այգի դարձնելու, պետք է քաղաքապետարանը գնի դրանք»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին քաղաքապետարանը նման միջոցներ չունի:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունն ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր քաղաքի տարբեր հատվածներում: «Օրինակ, օղակաձև այգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որպեսզի հետագա քայլերի մասով հստակություն մտցվի»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարաններն են հետագայում ապամոնտաժվելու, նա ասաց, որ այո, կարելի է այդպես ասել: «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետև դրանք չկան»,- նշեց նա:

Կարապետյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթների ընթացքում՝ այս սեզոնին, ապամոնտաժված սրճարանների տեղում կտեսնենք կանաչ տարածքը: