Նոր Զելանդիայի մզկիթներում այսօր տեղի ունեցած հրաձգությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային սպանությունը. NZHerald

14:25 • 15.03.19

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում այսօր առավոտյան տեղի ունեցած հրաձգությունը դարձել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի զանգվածային սպանությունը: Երկրում նախորդ սպանդը տեղի էր ունեցել 1943 թվականին. այդ ժամանակ զոհվել էր 48 մարդ, գրում է NZHerald-ը:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող առնվազն երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 49 մարդ է զոհվել: Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:


Այս ողբերգությունը տեղական լրատվամիջոցները համեմատել են «Ֆեզերստոն» ռազմագերիների ճամբարում անկարգությունների հետևանքով զանգվածային սպանության հետ: NZHerald-ը հիշեցնում է, որ ճապոնացի ռազմագերիների համար նախատեսված ճամբարի անվտանգության աշխատակիցները 1943 թվականի անկարգությունների ժամանակ գնդակահարել էին 48 բանտարկյալի: Այդ ժամանակ զոհվել էր նաև 1 նորզելանդացի զինվոր: