Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը դադարեցվեց. աշխատանքները կշարունակվեն վաղը (տեսանյութ, թարմացված)
18:15
Քաղաքապետարանն այսօր դադարեցրեց ապամոնտաժումը: Աշխատանքները կշարունակվեն վաղը:
13:22
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ նշեց, որ ապամոնտաժման դեմ ցուցարարներ կային, որոնք կապ չունեին սրճարանների հետ, նրան «Շոկոլադնիցա» սրճարանի երգիչ Համբարձում Մուրադյանը ասաց, որ հնարավոր է՝ մարդիկ դժգոհ են, որ սրճարանները պետք է փակվեն:
Նա նշեց, որ պարտադիր չէ, որ միայն սրճարանի աշխատողները դժգոհեն:
Երբ Մնացականյանը հետաքրքրվեց, թե նա ով է, վերջինս ասաց, որ երգիչ է, Մնացականյանն արձագանքեց. «Հա, դու «Շոկոլադնիցայի շանսոն, գողական երգեր երգող երգիչն ես»:
Մուրադյանն էլ հակադարձեց, որ ազգագրական երգեր է երգում:
Մնացականյանը նշեց, որ «Շոկոլադնիցայում» երբեք ազգագրական երգեր չեն հնչում:
«Լավ, մի օր երգել եք, բայց մենք ամեն օրվա մասին ենք խոսում»,- ասաց Մնացականյանը:
Համբարձում Մուրադյանն էլ ասաց, որ այստեղ 4 ամիս հետո հյուրանոց է կառուցվելու:
13:08
Ինձ անհանգստացնող հանգամանքն այն է, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, ուզում եմ հասկանալ` ընդդիմացողներից, ցուցարարներից ովքեր էին իրականում սրճարանների աշխատողներ, ովքեր` հրահրողներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Փորձել են մեր վերականգնման ակցիային տալ քաղաքական երանգներ, ինչ-որ բաներ են հնչեցրել, ինչ-որ բաներ են գոռացել: Շատ ցավում եմ, որ այս գեղեցիկ ակցիան, որ ուզում էինք անել, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց լավ է, որ ամեն ինչ լավ է, և երևանցիները մեզ սատար կանգնեցին»,- ասաց Մնացականյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ քաղաքապետարանը երկխոսության չգնաց սրճարանների սեփականատերերի հետ, Մնացականյանն ասաց, որ երկխոսությունն իրականում օրենքի շրջանակներում ավարտվել է այն ժամանակ, երբ եղել է ծանուցումը: «Ծանուցումից հետո, երբ մենք լուծեցինք պայմանագրերը, այդտեղից դադարել է երկխոսությունը: Հիմա սրանք ինքնակամ կառույցներ են, եթե մենք սկսենք երկխոսել ինքնակամ կառույցների հետ, հեռու չենք գնա»,- շեշտեց նա:
«Կոնտրոն» վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ Օպերան իրենց առաջնահերթությունն է, այդ պատճառով են Օպերայի տարածքից սկսել այս ամենը: Սակայն հավելեց, որ առայժմ չեն քննարկում տարածքի մյուս սրճարանները ապամոնտաժել: «Մենք հնարավորություն ենք տվել, որ սրճարանների երկրորդ մասերը աշխատեն, «Շոկոլադնիցայի» 20 տոկոսն է ապամոնտաժվել միայն»,- ասաց նա:
Մնացականյանը հավաստիացրեց, որ ինչը Երևանում գտնվում է զբոսայգու տարածքում, և բետոն է, ապա ժամանակավոր կառույց է: «Բոլորին զգուշացնում ենք, բայց արդեն նրանց հետ կխոսենք, ժամանակ կտանք, որ տեղափոխվեն»,- ասաց նա:
Նա ասաց, որ առայժմ Օպերայի տարածքում պարսպից ներս մնալու են սրճարաններ: «Մենք գտնում ենք, որ սրճարանը Երևանի կոլորիտի մի մաս է կազմում: Մենք, օրինակ, դեմ չենք, որ Կասկադում սրճարաններ լինեն, որովհետև Կասկադը զբոսայգի չէ, ամեն ինչ հաշվի ենք առնելու»,- ասաց նա:
Վիկտոր Մնացականյանը տեղեկացրեց, որ նոր զոնաներ կստեղծեն, մարդկանց հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները, բայց ոչ զբոսայգիների հաշվին, և, օրինակ, Դավիթաշենի ձորը՝ նշելով, որ այնտեղ կարող են սրճարաններ կառուցվել: «Եթե այդ սրճարանները չեն գտնվում Օպերայում, Հանրապետության հրապարակում ժամանակ կտանք, կբանակցենք նրանց հետ»,- եզրափակեց նա:
11։27
Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ այդ սրճարաններում աշխատում է երկուսից երեք տասնյակ մարդ: «Երբ ասում եմ՝ աշխատում են, նկատի ունեմ գրանցված աշխատողներին, իսկ եթե աշխատում են ու գրանցված չեն, դա արդեն Քրեական օրենսգրքի հետ է առնչվում: Հնարավոր է նաև, որ նախկին վարձակալներն իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:
Իսկ թե ինչու այսօր ընդվզում չկա, ինչով է պայմանավորված, որ ընդդիմացողները չեն բողոքում, Կարապետյանը վստահեցրեց, որ ստվերային պայմանավորվածություն չի եղել: «Չեմ կարող ասել՝ ինչու է հանգիստ, ստվերային պայմանավորվածություն չի եղել»,- ասաց նա: 

Քաղաքապետարանի մամուլի խոսնակը նշեց, որ հույս ուներ, որ այսօր ընդվզում չի լինի: «Հանրությունը համոզվում է, որ ոչ միայն գործընթացն օրինական է, այլև բխում է քաղաքի շահերից»,- ասաց նա:
Հարցին էլ՝ քաղաքապետը նշել է, որ սա միայն պրոցեսի սկիզբն է, և որ գործընթացը շարունակական է լինելու, հաջորդը որ տարածքն է լինելու, նա ասաց, որ որևէ գործընթաց սկսելուց առաջ քննարկվում, ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը:
«Տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել: Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ: Հարցեր են հնչում՝ ինչու չենք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված: Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները, որքան էլ դուր գան կամ չգան մեզ, գրանցված են որպես սեփականություն, և իրավական միակ ճանապարհը՝ դրանք վերստին անտառ կամ այգի դարձնելու, պետք է քաղաքապետարանը գնի դրանք»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին քաղաքապետարանը նման միջոցներ չունի:
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունն ունի կանաչապատման լայնածավալ ծրագրեր քաղաքի տարբեր հատվածներում: «Օրինակ, օղակաձև այգում գույքագրում է իրականացվում, և իրավական հիմքերն են ուսումնասիրվում, որպեսզի հետագա քայլերի մասով հստակություն մտցվի»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարաններն են հետագայում ապամոնտաժվելու, նա ասաց, որ այո, կարելի է այդպես ասել: «Գործընթացը շարունակական է լինելու, դետալների մասին կիմանանք ընթացքում, այս պահին այդ դետալների մասին չեմ կարող խոսել, որովհետև դրանք չկան»,- նշեց նա։
Կարապետյանի խոսքով՝ արդեն հաջորդ շաբաթների ընթացքում՝ այս սեզոնին, ապամոնտաժված սրճարանների տեղում կտեսնենք կանաչ տարածքը:
10:38
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ տարածքից հեռացվում են նաև կանաչ թփերը:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը լրագրողներին ասաց, որ այն թփերը, այն կանաչ զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել ժամանակավորապես, որ չվնասվեն այս բարեկարգման ընթացքում, մասնագետների կողմից կտեղափոխվեն:
Նա նշեց, որ մի մասը կտնկվի այլ վայրերում, մի մասն էլ հետագայում կվերադարձվի այդ տարածք:


Ինչ վերաբերում է սրճարանների տարածքում գտնվող ծառերի ճակատագրին, Հակոբյանն ասաց, որ մասնագետները կառանձնացնեն ճաղերը, որպեսզի ապամոնտաժումից ծառերը չվնասեն: «Ծերացած ծառերի համար կտրվի մասնագիտական գնահատական, խնամքի կենթարկվեն, մի քանիսն էլ միգուցե հեռացվեն: Որոնք հնարավոր կլինի փրկել, պահպանել, կշարունակեն իրենց կենսունակությունը»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ինչու են միայն երկու սրճարանները ապամոնտաժվում, Խաչիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում: «Մենք այս պահին վերաբարեկարգման աշխատանքներ ենք իրականացնում, մենք այս պահին վերադարձնում ենք կանաչ զանգվածը»,- նշեց նա:
09:53
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: 

Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երեկ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձիք:
Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը երեկ երեկոյան Tert.am–ին տեղեկացրել էր, որ Ոստիկանություն է բերվել 41 մարդ, որից 6-ը ժամը 20։45-ի դրությամբ ազատ էին արձակվել։
Միջադեպին երեկ անդրադարձել էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, ով Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ սրճարանների ապամոնտաժումն էտապային աշխատանք է, Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։
«Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան»,- ասել էր Հայկ Մարությանը:










