Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու նախագիծը որևէ բովանդակային հարց չի լուծելու, միայն տեխնիկական որոշ խնդիրներ կկարգավորի․ Շ․ Դոյդոյան

21:43 • 15.03.19

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի օրենսդրական նախաձեռնության մեջ, որով առաջարկվում է գաղտնալսման իրավունք տալ նաև ոստիկանությանը, որևէ խնդիր չի տեսնում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագծով փորձ է արվում է Ոստիկանության օպերատիվ հետախուզական ոլորտում գործիքակազմ ավելացնել։

Դոյդոյանը նկատեց՝ անկախ ամենից գաղտնալսման իրավունք տալիս է դատարանը։ «Խնդիր չեմ տեսնում, քանի որ գաղտնալսումը բոլոր դեպքերում պետք է արվի դատարանի որոշմամբ։ Խոսքը բացառապես վերաբերում է ոստիկանության տեխնիկական հնարավորություններին, այսինքն՝ օպերատիվ հետախուզական ոլորտում իրենց լիազորությունների կատարման գործիքակազմի համալրմանն է միտված»,- ասաց նա։

Շուշան Դոյդոյանն ընդգծեց՝ օրենսդրական նախաձեռնության մեջ  որևէ խախտում չի տեսնում․ «Կարծում եմ՝ այս նախագիծը որևէ բովանդակային հարց չի լուծելու, միայն տեխնիկական որոշ հարցեր կլուծի»,-եզրափակեց Շուշան Դոյդոյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ էր, օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Նա առաջարկում է գաղտնալսման իրավունք վերապահել նաև ոստիկանությանը, քանի որ  գործող օրենսդրությամբ՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք ունի բացառապես ԱԱԾ-ն։

 

 

 

ՀեղինակԱնի Օհանյան