Թել Ավիվում 2014թ. ի վեր առաջին անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը. Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայում պաղեստինցի գրոհայինների ավելի քան 100 դիրքի (տեսանյութեր)

12:31 • 15.03.19

Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների ավելի քան 100 դիրքի, այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի խոսնակ Ավիհայ Էդրին՝ Twitter-ի էջի միջոցով:

Նա նշել է, որ իսրայելական կողմը գործողությունը ձեռնարկել է ի պատասխան ավելի վաղ պաղեստինցիների ձեռնարկած հրթիռային հարձակման:

«Ի պատասխան Իսրայելի հրթիռակոծության՝ խոցվել է ահաբեկիչներին պատկանող 100 դիրք Գազայի ամբողջ հատվածում», - գրել է խոսնակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացնում երկրի ուժային կառույցների ղեկավարության հետ՝ Գազայի հատվածից Թել Ավիվի ուղղությամբ հրթիռակոծության հետ կապված:


Jerusalem Post-ի տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվում 2014 թվականից ի վեր առաջին անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը: Վերջին անգամ այն լսվել է 2017-ին, սակայն դա կեղծ տագնապ է եղել:


Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում: