Թել-Ավիվի հրթիռակոծությունից հետո Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ
Գազայի հատվածից հինգշաբթի երեկոյան Թել-Ավիվի ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել, ինչի հետևանքով միացել է քաղաքի օդային տագնապի ազդանշանը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` իսրայելցի զինվորականները նշել են, որ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Նշվում է, որ «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը չի որսացել հրթիռները:
Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու պատասխանատվությունը պաղեստինյան որևէ խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել: Միջադեպից հետո Իսրայելի վարչապետ և պաշտպանության նախարար Բեյամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ, ինչից հետո իսրայելական բանակը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ահաբեկչական թիրախների ուղղությամբ:










