«Ես մզկիթից ողջ դուրս եկած վերջին մարդն էի». ականատեսը պատմել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած հրաձգության մասին

17:50 • 15.03.19

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում այսօր առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողության ականատեսներից Ռամզան Ալին NZ Herald պարբերականին պատմել է, թե ինչպես է փրկվել հրաձգությունից:

«Ես տեսա, թե ինչպես են մարդիկ վազում դեպի դռները… Նա (հարձակում կատարած անձը – Tert.am) ներս մտավ գլխավոր մուտքից, իսկ մզկիթի երկու կողմում ևս երկու դուռ կար»,- պատմել է ականատեսը:

Ալիի խոսքով՝ հրաձգության պահին Դինս պողոտայում գտնվող մզկիթում շուրջ 300 մարդ է եղել: Տղամարդը դուրս է եկել պատուհանից և փրկվել հրազենի կրակոցներից:

Ականատեսը պատմել է նաև, որ կարձակում կատարած անձը մի քանի անգամ դադարեցրել է հրաձգությունը, որպեսզի լիցքավորի ինքնաձիգը: Ոճրագործը վիրավորել է Ալիի զարմուհուն և երկու ընկերներին, որոնց ճակատագրի մասին նրան դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Ես մզկիթից ողջ դուրս եկած վերջին մարդն էի: Երբ շուրջս նայեցի, դռների երկու կողմում սպանված մարդիկ էին ընկած»,- հայտնել է ականատեսը:

Հայտնի է, որ մզկիթներից մեկում կրակ բացած անձը 28-ամյա Բրենթոն Տարանտն է, որն իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է հրաձգությունը: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է Բրենթոնին, վաղը նա կկանգնի դատարանի առաջ:

Հիշեցնենք, որ հրաձգությունների հետևանքով 49 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: