Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթների վրա զինված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, ձերբակալվել է 4 կասկածյալ (լուսանկարներ, տեսանյութ)

10:14 • 15.03.19

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 30 տուժած, այս մասին գրում է Otago Daily Times-ը:

Ըստ նախնական տվյալների՝ զինված անձինք ներխուժել են իրարից ոչ հեռու գտնվող Ալ Նուր և Լինվուդ Մասջիթ մզկիթներ ու կրակ բացել մարդկանց վրա: Հարձակումն իրականացվել է ցերեկվա աղոթքից հետո: Նշվում է, որ զինված խմբի անդամները փակել են մզկիթների մուտքն ու կրակ բացել մարդկանց վրա: 

9news-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշին, գրում է, որ միջադեպից հետո ձերբակալվել է 4 մարդ:

Կոմիսարը հաստատել է, որ ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ: Ձերբակալությունների մասին հավելյալ տեղեկություններ նա չի փոխանցել:

Բուշը նաև նշել է, որ նորզելանդացի իրավապահները տարածքում հայտնաբերել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հարձակման մասնակիցներից մեկն ավելի վաղ համացանցում հրապարակել էր 37 էջանոց հրովարտակ, որտեղ շարադրել էր իր պահանջները:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: