«Բռնության աննախադեպ ակտ». Նոր Զելանդիայի վարչապետը մեկնաբանել է Քրայսթչերչ քաղաքում մզկիթների վրա զինված հարձակումը

11:15 • 15.03.19

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»:

Ինչպես փոխանցում է RT հեռուստաալիքը, վարչապետը շեշտել է, որ հարձակումն իրականացրած անձը տեղ չունի նորզելանդական հասարակության մեջ:

«Ակնհայտ է, որ այն, ինչ այստեղ կատարվել է, բռնության աննախադեպ ակտ է», - ասել է Արդերնը՝ նշելով, որ իր մտքերը տուժածների ու նրանց հարազատների հետ են:

«Նոր Զելանդիան տուն է այն մարդկանց համար, որոնք այսօր ենթարկվել են հարձակման: Նրանք պետք է այստեղ անվտանգության մեջ լինեն», - շեշտել է վարչապետը:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 30 տուժած: 9news-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշին, գրում է, որ միջադեպից հետո ձերբակալվել է 4 մարդ, նրանց թվում է նաև ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: