Նոր Զելանդիայի մզկիթներում զինված հարձակումից հետո, այժմ էլ պայթյուն է որոտացել Օքլենդ քաղաքում (տեսանյութ)

12:47 • 15.03.19

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում պայթյուն է որոտացել երկաթուղային կայարանի տարածքում: The New Zealand Herald-ի հաղորդած տվյալների համաձայն՝ պայթյունը կարող էր վերահսկելի լինել իրավապահների կողմից:

Նշվում է, որ տեղում երկու կասկածելի ուսապարկ հայտնաբերած քաղաքացիներն ահազանգել են ոստիկանություն, ինչից հետո այստեղ է ուղարկվել հատուկ սակրավոր ռոբոտ: Քիչ անց լսվել է պայթյունի ձայնը:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է ավելի քան 40 մարդ, հիվանդանոց են տեղափոխվել տասնյակ տուժածներ:

Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:


Նշվում է, որ նրան այժմ փնտրում են: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ: Ավելի վաղ նշվել էր, որ ձերբակալվածների թվում է նաև Տարանտը: