Twitter-ն արգելափակել է նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում հրաձգություն իրականացրած ավստրալացու էջը
Twitter սոցցանցն արգելափակել է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտի էջը, որը Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում կրակ էր բացել մարդկանց ուղղությամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել էր, որ հրաձգության գործով ձերբակալվածները 3-ն են, նրանց թվում 28-ամյա տղամարդը վաղը պետք է կանգնի դատարանի առաջ: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով:
Հանցագործը հարձակումից առաջ համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:










