«Սովորական տղամարդ, որն աշխատել է որպես մարզիչ». Daily Mail-ը մանրամասներ է հրապարակել Նոր Զելանդիայի մզկիթում կրակ բացած ավստրալացու կյանքից

17:22 • 15.03.19

Բրիտանական Daily Mail պարբերականը մանրամասներ է հրապարակել 28-ամյա Բրենթոն Տարանտի կյանքից, որը ձերբակալվել է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող մզկիթներից մեկում հրաձգություն բացելու համար:

Բրենթոնը ծնվել է շոտլանդական, իռլանդական և անգլիական արմատներով աշխատավոր դասին պատկանող ընտանիքում:

Ահաբեկչական գործողությունն իրականացնելուց առաջ հրապարակած «մանիֆեստում» Բրենթոնն իրեն նկարագրում է որպես «սովորական, սպիտակամորթ տղամարդու», որը դպրոցն ավարտելուց հետո համալսարանում կրթությունը շարունակելու ցանկություն չի ունեցել:

Երբ Տարանտը մոտ 20 տարեկան է եղել, նրա հայրը քաղցկեղից մահացել է, ինչից հետո երիտասարդը մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության՝ այցելելով Հյուսիսային Կորեա, Պակիստան և եվրոպական երկրներ, իսկ մինչ այդ գումար է վաստակել Bitconnect թվային արժույթի միջոցով:

Ավելի ուշ նա աշխատել է որպես անձնական մարզիչ: Մարզասրահի մենեջերը, որտեղ աշխատել է տղամարդը, հայտնել է, որ նա շատ նվիրված է եղել աշխատանքին և մարզումներին: Մենեջերի խոսքով՝ Բրենթոնն աշխատավայրում սովորաբար չի խոսել իր քաղաքական կամ կրոնական հայացքներից, և ինքը երբեք չէր պատկերացնի, որ նա նման ծայրահեղական հայացքների տեր կարող է լինել:

Հայտնի չէ, թե արդյոք Բրենթոնի հարազատները դեռևս բնակվում են Նոր Հարավային Ուելս նահանգի Գրեֆթոն քաղաքում, որտեղ ծնվել է տղամարդը, սակայն որոշ աղբյուրներ պնդում են, որ շրջանում բոլորը ճանաչում են նրա ընտանիքին:

Իր «մանիֆեստում» տղամարդը գրել է, որ ահաբեկչական գործողությունն առաջին անգամ ծրագրել է մոտ երկու տարի առաջ, սակայն վերջնական վայրն ընտրել է միայն վերջին ամիսներին:

Հիշեցնենք, որ երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել: Բրենթոն Տարանտի խոսքով՝ դա վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իրագործած ոճրագործությունը: Տարանտը վաղը կկանգնի դատարանի առաջ, իսկ գործի առնչությամբ մյուս երկու ձերբակալված անձինք կշարունակեն մնալ կալանքի տակ: