«Անիմաստ մահեր». Թրամփը մզկիթներում հրաձգության առնչությամբ ցավակցել է Նոր Զելանդիայի ժողովրդին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգությանը:
«Խորապես ցավակցում եմ Նոր Զելանդիայի ժողովրդին մզկիթներում տեղի ունեցած սարսափելի կոտորածի առնչությամբ: Քառասունինը մարդ անիմաստ զոհվել է, շատերը լրջորեն տուժել են: ԱՄՆ-ն Նոր Զելանդիայի կողքին է և պատրաստ է աջակցել՝ ինչով կարողանա»,- գրել է նախագահը թվիթերյան իր էջում:
Թրամփը չի անդրադարձել հրաձգության հեղինակի անձին կամ այն հայտարարություններին, թե նա ցանկացել է ԱՄՆ-ում «քաղաքացիական պատերազմ» սկսել:
Ավելի ուշ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նույնպես ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին՝ դատապարտելով տեղի ունեցած ոճրագործությունը:
Դեպքին անդրադարձել են նաև Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները: Նրանք միացել են զոհերի ընտանիքներին ուղղված ցավակցություններին: Արքայազն Չառլզի խոսքով՝ ինքն ու արքայադուստր Կամիլան «սարսափած են բարբարոսական հարձակումներից»՝ հավելելով, որ տեղի ունեցածը պարզապես անհավատալի է:
Հիշեցնենք, որ հրաձգությունների հետևանքով 49 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:










