«ԱՄՆ իշխանություններն ահաբեկչություն են իրականացրել Վենեսուելայի ժողովրդի դեմ». Մադուրո

12:28 • 16.03.19

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի էլեկտրամատակարարման համակարգի շարքից հանելուն ուղղված գործողությունները տարվել են ԱՄՆ տարածքից, գրում է korrespondent.net-ը:


«Վենեսուելայի ժողովրդին զրկել են բոլոր ծառայություններից հարձակման ժամանակ, որն անմիջականորեն ղեկավարել է ԱՄՆ կառավարությունը՝ Հյուսթոն և Չիկագո քաղաքներից»,- ընդգծել է Մադուրոն:


Նա նաև երկրի էլեկտրացանցում տեղի ունեցած վթարն ԱՄՆ կողմից ահաբեկչություն է որակել:


«Վենեսուելայի էլեկտրահամակարգին ուղղված կիբեռհարձակումն ԱՄՆ կառավարության կողմից ահաբեկչական ակտ է Վենեսուելայի ժողովրդի դեմ»,- ասել է երկրի նախագահը:

Նրա խոսքով՝ հարձակման ետևում կանգնած է եղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:


 «Դա ամենախոշոր կիբեռհարձակումն էր, որի մասին հայտնի է Երկիր մոլորակի վրա»,-ասել է Մադուրոն:


Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վենեսուելայում երկրի ամենախոշոր՝ «Էլ Գուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի պատճառով մասշտաբային հոսանքազրկումներ էին գրանցվել 23 նահանգներից 21-ում, իսկ մայրաքաղաք Կարակասում էլեկտրամատակարարման ընդհատումը 6 ժամ էր տևել:

Վենեսուելայի էլեկտրաէներգիայի ազգային կորպորացիան միջադեպը Վենեսուելայի դեմ էներգետիկ պատերազմի գործողություն էր որակել: