ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարում մարզերից մեկի մի համայնք (տեսանյութեր)

13:01 • 16.03.19

14:14

Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղն ունի 1650 բնակիչ, 85 հեկտար՝ արոտավայր, 100-120 գլուխ անասուն են պահում, այնինչ 300 անասուն կարող են պահել, ինչի հետ գյուղացիները չհամաձայնեցին, նշեցին, որ հողը աղի է: «Հանձնարարեք մեր գյուղով զբաղվեն, չգցեք երկրորդ պլան»,-նշեց գյուղացիներից մեկը:

Մեկ ուրիշն ասաց, որ 30 տարի է ապրում այդ գյուղում, ունի հինգ երեխա, սակայն իր տունը տան նման էլ չէ և հրավիրեց վարչապետին տեսնելու այն: Գյուղացիները բարձրացրին գազի հարցը` նշելով, որ մինչև գյուղի ծայրը գազիֆիկացվել է, սակայն գազը գյուղ չի մտել, խնդրեցին օգնել, որ գյուղը մանկապարտեզ ունենա, նշեցին, որ լուսավորություն չկա, խմելու ջուր չկա, և այն գնում են հինգ լիտրը հիսուն դրամով: Նրանք նաև տրանսպորտի հարցը բարձրացրին:

Գյուղացիներից մեկը նշեց, որ Երևանի բնակիչ է, սակայն այդ գյուղում ջերմոցներ է մշակում: Որոշ գյուղացիներ նաև իրենց անմիջական խնդիրները ներկայացրին, որ վարձով են ապրում, մեկն ասաց, որ իր տղան վիրավոր է ,սակայն օգնություն չի տրամադրվել: Ի դեպ, գյուղ եկավ նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. «Իմացանք՝ եկել եք, մենք էլ եկանք»,-ասաց նա Նիկոլ Փաշինյանին:






13:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց է կատարում մարզերից մեկի մի  համայնք։ Այս մասին նա հայտարարեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով, սակայն այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ որ համայնք է գնում։ Նրա խոսքով՝ իր այցից անակնկալի է գալու նաև մարզպետը։

«Նպատակն այն է, որ տեղում ծանոթանամ, խոսեմ մարդկանց հետ ու հասկանամ, թե ինչ է կատարվում։ Առանց նախապես պատրաստված միջոցառումների ուզում եմ իմանալ, թե մարդիկ  ինչպես են ապրում, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունն ինչ կարող է անել»,- ասաց նա։

Փաշինյանը դեռևս չգիտի, թե անակնկալ այցն ինչ արդյունք կտա, բայց վստահեցնում է՝ արդյունավետ լինելու պարագայում այս գործելաոճը կշարունակի։ Վարչապետը կարևորում է հանրության հետ անմիջապես կապը չկորցնելը, ըստ նրա՝ դա հնարավորթյուն է ձեռքը զարկերակին պահելու։

Նիկոլ Փաշինյանը շրջեց գյուղով, առևտուր արեց խանութներից մեկից, զրուցեց երեխաների հետ: 15-ամյա պատանուց, որն այդ պահին ջրում էր կարտոֆիլները, հետաքրքրվեց, թե ինչպես են ապրում, ինչ աշխատանք են անում, որքան հող ունեն, և տղան պատասխանեց, որ հայրն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:  

Վարչապետը շարունակեց ճանապարհը գյուղով, իսկ քաղաքացիներից մեկը նշեց. «Գյուղապետին ոնց անենք, սաղ գյուղը ծախեց, կերավ»: Իսկ վարչապետը կոչ արեց` չքաղաքականացնել: