Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատոնը մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումով

13:21 • 18.03.19

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով. տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ. այս մասին իր ելույթում նշել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը:

«Նրա ժառանգությունը շարունակելու է ապրել միլիոնավոր մարդկանց սրտերում, մարդկանց, ում ոգեւորել է թե՛ նրա արվեստը եւ թե՛ նրա կյանքը»,-ասել է նա:

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության համար Հայաստանի ազգային հերոսի կոչումը կրող Ազնավուրը նաեւ հատուկ մեդալի էր արժանացել Իսրայելի նախագահից՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին փրկելու համար:

«Չնայած, որ Ազնավուրը մեզ հետ չէ, նրա արվեստն անմահ է՝ ժամանակը դրա դեմ անզոր է: Նրա երգերը կարծես ոչ թե նրա կողմից մեզ մատուցված լինեն այլ՝ մեր սեփական հոգում են ծնվել», - ասել է երգչուհի Յուլիա Կանտորը:

Ֆրանկոֆոնիայի փառատոնը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի հիմնական մշակութային փառատոններից մեկն է: Դրա շրջանակներում Վաշինգտոնի հիմնական թանգարաններում կազմակերպվում են հատուկ ցուցահանդեսներ, անցնում են ներկայացումներ եւ հատուկ կինո փառատոններ:

Ազնավուրի երգերը կատարող երգիչ Մաքս Քոհենը նշել է, որ անձամբ էր ճանաչում մաեստրոյին.«Ես ծնվել էի Մարոկկոյում եւ մեծացել Ազնավուրի երգերի վրա: Նա ինձ համար ողջ տիեզերք էր եւ ես հպարտ եմ, որ կատարում եմ նրա երգերը: Հույս ունեմ, միայն, որ սխալ չեմ կատարում»:

Վաշինգտոնում Ֆրանկոֆոնիայի փառատոնը մեկնարկը տրվել է Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառումով